Սիրիական ՄիԳ-21 կործանիչը, որի հետ հունիսի 21-ի առավոտյան ցամաքային ծառայությունները կորցրել էին կապը, շարժվել է դեպի Հորդանան: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թագավորության ուժային կառույցներում իր աղբյուրներին:
Ըստ այդ տեղեկությունների՝ ՄիԳ-21-ը վայրէջք է կատարել երկրի հյուսիսում գտնվող Մաֆրակի ռազմական օդանավակայանում: Օդաչուն արդեն քաղաքական ապաստան է խնդրել Ամանից:
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտնել էին, որ անհետացել է երկրի հարավում ուսումնամարզական թռիչք իրականացնող կործանիչը: Sana պետական գործակալության հաղորդմամբ՝ օդաչուի անունը Հասան Համադ է։ Նա Սիրիայի ռազմաօդային ուժերի գնդապետ է:
Պաշտոնական Դամասկոսը ոչ մի կերպ չի արձագանքել այս միջադեպին: Հորդանանի կառավարության անունից մեկնաբանություն նույնպես չի ստացվել:











































