Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան պատասխանել է oրերս տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ թուրքական Turcas Petrol նավթային ընկերությունը, որտեղ նրան աշխատանք է առաջարկվել, մասամբ վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից:
The Huffington Post –ը, հղում անելով տարածաշրջանային պարբերականներին, շաբաթներ առաջ գրել էր, որ Turcas Petrol-ի մի մասը ղեկավարում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Հայտնի է, որ SOCAR-ն ու Turcas-ն ունեն համատեղ բիզնեսի երկար պատմություն, նրանք հանդիսանում են նավթաքիմիական խոշորագույն նախագծի ներդրողներ: Սակայն հայտնի չէր այն, որ թուրքական ընկերությունը մասամբ ղեկավարվում է SOCAR-ի կողմից:
Ինչպես նշում է ընդդիմադիր Մուրադ Հասանլին, Ադրբեջանը մշտապես դասվել է մարդու իրավունքները խախտող երկրների ցանկին, փաստ, որը որոշ ընդդիմադիր ակտիվիստների կարծիքով՝ ամերիկացի օրենսդիրները փորձում են չնկատել` հանուն ԱՄՆ-ի` տարածաշրջանային ռազմավարական շահի:
Հասանլիի խոսքով` Բրայզայի աշխատանքի տեղավորումը Ադրբեջանի` նավթով հարուստ և ինքնիշխան ազգի նկատմամբ ԱՄՆ վախկոտ արտաքին քաղաքականության ակնարկներից է: Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանում ԱՄՆ-ի խաշորագույն ռազմավարական գործընկերը:










































