Ավելի քան 80 մարդ է զոհվել Մյանմարում հունիսին բուդդիստների ու մուսուլմանների բախումների հետևանքով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով կառավարությունում ունեցած աղբյուրներին:
Մուսուլմանների ներկայացուցիչները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է և ավելի շատ լինել:
Բախումներն սկսվել էին այն բանից հետո, երբ մուսուլմանները մայիսին Ռակխայն նահանգում բռնաբարել ու սպանել էին բուդդիստ կնոջ: Հանցագործությունը հարուցել էր բուդդիստների վրեժը: Դրանից անմիջապես հետո Ռակխայնում սկսվել էին զանգվածային բախումներ, որոնք զուգակցվել են սպանություններով ու ավերածություններով:
Ռակխայն նահանգի բնակչության մեծ մասը բուդդիստներ են, այստեղ բնակվում է նաև իսլամադավան ռոխինջա ժողովուրդը (կրոնական ու էթնիկական փոքրամասնություն` Մյանմարում):
Մյանմարում էթնիկական բախումներից հետո իրենց տներն է լքել շուրջ 90 հազար մարդ: Հարևան Բանգլադեշը փակել է Մյանմարի հետ սահմանը, քանի որ այնտեղ արդեն կան հազարավոր փախստականներ:










































