ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ երկրի վիճակը բնորոշեց որպես աղետալի: Նրա խոսքով՝ բոլոր գյուղական համայնքներում իրենց նախընտրական հանդիպումների մասնակիցների հիմնական մասը կանայք ու ծերեր էին, իսկ տղամարդիկ գնացել են Ռուսաստան՝ աշխատելու:
«Նշանակում է՝ մի բան այնպես չի արվել: Վերջին տարիներին 500 հազար մարդ է հեռացել»,- ասաց Գ. Արսենյանը` նշելով, որ պատմական անցյալում, բացի Մեծ եղեռնի ժամանակաշրջանում տեղի ունեցած վայրագություններից, նման բան տեղի էր ունեցել Շահ Աբասի և Թուրքական կայսրության միջև պատերազմի ժամանակ:
Ըստ նրա` հայրենիքը լքելու ազդակները կա՛մ արտաքին ճնշումներն են, կա՛մ ներքին պայմանները: «Հիմա տեղի է ունենում մի բան, որ մոտենում ենք այնպիսի իրավիճակի, որը կարող է ճակատագրական լինել մեզ համար: Հայաստանի կենսունակությունը վտանգված է»,- շեշտեց ԲՀԿ պատգամավորը:









































