Հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված բժիշկների վերաբերյալ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից այլևս տեղեկություններ չեն տրամադրում:
Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ այն ժամանակ, երբ հերթական անգամ դիմեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ իմանալու նպատակով: Հեռախոսավարուհին պատասխանեց, որ բժշկուհին տեղում չէ, իսկ վիճակի մասին այլևս տեղեկություններ չեն տրամադրում: «Դիմեք պաշտպանության նախարարության լրատվական ծառայությանը»,- այսպես պատասխանեցին հոսպիտալից:
Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկները պատրաստակամորեն լրագրողներին տեղեկություններ էին հայտնում երիտասարդ բժիշկների առողջական վիճակի մասին:










































