Ֆրանսիայի հարավում՝ Թուլուզի բանկերից մեկում, պատանդ է վերցվել առնվազն 4 մարդ: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պատանդներ վերցրած հանցագործը պնդում է, որ ինքը «Ալ-Քաիդա»-ի անդամ է:
Ըստ տեղեկությունների՝ պատանդներից մեկը բանկի մասնաճյուղի ղեկավարն է:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, հանցագործը ցանկանում է խոսել Raid հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ, որոնք 2012 թ. մարտին սպանել էին Մուհամմադ Մերային:
Հատուկ ստորաբաժանումները դեռ դեպքի վայր չեն ժամանել, սակայն արդեն այնտեղ են ոստիկանները, դատախազ Միշել Վալթեն և այլ պաշտոնական անձինք: Բանկի շուրջ տարածքը շղթայված է:
Իրավապահներն առայժմ չեն հաստատել հանցագործի կսպը «Ալ-Քաիդա»-ի հետ:
Հիշեցնենք. ալժիրյան ծագումով ֆրանսիացի Մուհամմադ Մերան 2012 թ. մարտին Ֆրանսիայի հարավում իրականացրեց մի շարք սպանություններ: Նրա ձեռքով սպանվեցին 7 մարդ՝ Թուլուզի հրեական դպրոցի 3 աշակերտ, մեկ ռաբբի և 3 զինծառայող: Մարտի 21-ի գիշերը ֆրանսիական հատուկ նշանակության ուժերը գրոհ սկսեցին Մերայի տան վրա, և արդյունքում մարտի 22-ին նա սպանվեց:









































