Հունաստանի քաղաքական գործիչներն այսօր անցկացնում են կառավարության ձևավորման շուրջ բանակցությունների նոր փուլ, որը կարող է վճռական դառնալ,- հաղորդում է RIA Novosti-ն:
Կոալիցա մտնելու համաձայնություն տված երեք կուսակցությունների առաջնորդները կեսօրից հետո երկկողմ բանակցություններ կսկսեն:
Նոր կառավարություն ձևավորելու համար «Նոր դեմոկրատիա» կուսակցությանը տրված եռօրյա մանդատի ժամկետն ավարտվում է չորեքշաբթի: «Նոր դեմոկրատիան» ընտրությունների արդյունքում խորհրդարանում կստանա 129 մանդատ, իսկ 300 տեղանոց միապալատ օրենսդիր մարմնում իշխող մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 151 ձայն:
Ակնկալվում է, որ նոր կառավարությունում տեղ կգտնեն մի շարք ոչ քաղաքական կերպարներ: Մասնավորապես՝ որպես ֆինանսների նախարարի հնարավոր թկնածու նշվում է National Bank of Greece կոմերցիոն բանկի ղեկավար Վասիլիոս Ռապանոսը:
Նոր կառավարությունը ստիպված կլինի գործնականում նորից պայմանավորվածություն ձեռք բերել վարկատուների հետ իր վարած քաղաքականության առնչությամբ: Հունաստանը պարտավորվել է դիմել կոշտ տնտեսական միջոցառումների՝ փոխարենը ստանալով բազմամիլիարդանոց վարկեր: Սակայն վերջին երկու ամիսներին ծրագիրը փաստացիորեն տեղից չի շարժվել՝ կապված երկրում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:








































