Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) իրականացրած խոշոր հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել 16 թուրք զինծառայող, Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը և ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը ժամանել են Հաքքարի: Այդ ամենը կասկածների տեղիք է տվել, որ տարածաշրջանում նախապատրաստվում է լայնամասշտաբ գործողություն:
Վերջին անգամ թուրքական բանակը Հյուսիսային Իրաքի տարածքում նմանատիպ լայնամասշտաբ օպերացիա է անցկացրել 2008 թվականի փետրվարի 21-ին: Դրան հաջորդել էր այն, որ 2007 թվականի հոկտեմբերի 21-ին PKK-ի զինյալները դարձյալ Իրաքի տարածքից մուտք էին գործել Հաքքարի և, հարված հասցնելով 7 թևից, սպանել էին 12 և վիրավորել էին 16 զինծառայողի: Այդ հարձակումից հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) արտոնել էր Հյուսիսային Իրաք ներխուժելը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին ԹԱՄԺ-ը մեկ տարով երկարաձգել է անդրսահմանային օպերացիաների անցկացման ժամկետը, որը սպառվում էր հոկտեմբերի 17-ին։ Դրանով իսկ ԹԱՄԺ-ը թուրքական բանակի առջև «կանաչ լույս» է վառել՝ Հյուսիսային Իրաք ներխուժելու համար։









































