Եգիպտոսի «Մուսուլման եղբայրները» կոչ են անում համերկրացիներին զանգվածայն բողոքի ակցիաներ սկսել երկրում՝ իրենց բողոքն արտահայտելով Զինվորական խորհրդի՝ իր լիազորություններն ավելացնելու որոշման հետ,- հաղորդում է BBC-ն:
Երկրում իշխող Զինված ուժերի բարձագույն խորհուրդը, որը խոստացել է իշխանությունը հանձնել քաղաքացիական ղեկավարությանը, մի քանի օր առաջ հանդես է եկել հռչակագրով, որում իրեն է վերագրել նոր լիազորություններ՝ օրենքների ընդունման և նոր սահմանադրության ընդունման գործում:
Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել. թեկնածուներից յուրաքանչյուրը՝ նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկը և «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսին, հայտարարում են, որ հենց իրենք են հաղթել:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել երկրի զինվորական իշխանությունների կողմից խորհրդարանի ստորին պալատը ցրելու որոշման ֆոնին: Քվեարկության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 21-ին:







































