Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը մեկնաբանել է Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատան այսօր տարածած հայտարարությունը, որում նշված է, որ Ադրբեջանը սադրիչ գործողություններ է անցկացնում Կասպից ծովում, և որ դրանց շարունակման դեպքում թուրքմենական կողմը կձեռնարկի ադեկվատ գործողություններ.
«Քյափազ (թուրքմենական տարբերակը՝ Սերդար) նավթահանքում Թուրքմենստանի կողմից սեյսմիկ աշխատանքներ ձեռնարկելու փորձը խախտում է Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Ըստ դրա՝ կողմերը պետք է զերծ մնան տեղում որևէ հետախուզական գործողություններից, քանի դեռ համաձայնագիր չի կնքվել Կասպիցի հատակի շուրջ:
Դժբախտաբար, Թուրքմենստանը փորձել է խախտել այդ պայմանագիրը, ինչի համար էլ Ադրբեջանը հայտնել է իր դժգոհությունն ու անհանգստությունը: Ադրբեջանական կողմն ունի իր ինքնիշխան իրավունքները Կասպից ծովում և իրեն իրավունք է վերապահում պաշտպանել դրանք»:









































