Քրդական Dicle լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների ասոցիացիայի (IHD) Դիարբեքիր բաժանմունքը հրապարակել է այս տարի Թուրքիայի քրդաբնակ շրջաններում իրականացված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իր զեկույցը:
Դրա համաձայն՝ այս տարի քրդաբնակ շրջաններում արդեն իսկ գրանցվել է 30,400 խախտում, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 29,366: Զեկույցում նշված է, որ զգալիորեն ավելացել են փոխհրաձգությունների պատճառով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը, ինչպես նաև ձերբակալությունների քանակը: Կրկնակի ավելացել են կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի դեպքերը:
Զեկույցում նշված է, որ 2012 թվականը քրդաբնակ շրջաններում վերածվում է ինտենսիվ պատերազմի տարվա և հիշեցնում է 1990-ական թվականները: Բացի այդ, նշված է, որ Թուրքիան վերածվում է համակենտրոնացման ճամբարի՝ լեցուն ձերբակալված քաղաքական գործիչներով, լրագրողներով, իրավաբաններով, գիտնականներով, ուսանողներով, ակտիվիստներով ու իրավապաշտպաններով:
Զեկույցում ուշադրություն է դարձված նաև քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացված լինելուն և Վանի ավերիչ երկրաշարժից հետո պետական ոչ բավականաչափ աջակցությանը:
Զեկույցում խոսք է գնում նաև քրդաբնակ շրջաններում 111 եղբայրական գերեզմանների հայտնաբերման մասին, ուր թաղված է 1699 մարդ:










































