Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում երեխաներին փոխադրող ավտոբուսն այրվել է ընթացքի ժամանակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է Կախեթի շրջանում (Արևելյան Վրաստան), ուր իրենց հանգիստն անցկացնելու էին մեկնում Ռուսթավիի 12-րդ գիմնազիայի երեխաները: Վարորդին հաջողվել է կանգնեցնել այրվող ավտոբուսը: 30 երեխաներին և ուսուցիչներին հաջողվել է ժամանակին լքել այն:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները, որոնք առաջին բուժօգնություն են ցուցաբերել ծխից տուժած վեցերորդ դասարանի աշակերտներին: Ուսուցիչները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ժամանակին նկատել, որ ավտոբուսն այրվում է, կանգնեցնել այն և ավտոբուսից տարհանել բոլորին՝ նախքան ավտոբուսն ամբողջովին կայրվեր:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսում հրդեհի առաջացման պատճառը եղել է էլեկտրալարերի անսարքությունը:











































