Սիրիայում երկուշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ։ Այս մասին ասվում է Լոնդոնում տեղակայված իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ Նույն աղբյուրի համաձայն՝ կառավարական ուժերը Դամասկոսում, ինչպես նաև Հոմսում երեկ ռմբակոծել են ընդդիմադիրներին։ Հարավային Դարաա նահանգում, որտեղից անցած տարվա մարտին սկսվել էին հակակառավարական բողոքի հիմնական ակցիաները, շարունակվում է Թաֆաս քաղաքի գրոհը, որի շրջանների մի մասը վերահսկվում է ապստամբների կողմից։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հայտնի է, որ Սիրիայում միջազգային առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը այդ առաքելությունը դադարեցրել է աշխատանքները, քանի որ վտանգված էր առաքելության անդամների կյանքը։








































