News Georgia-ի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին որոշել է իրեն առնչվող դատական գործընթացներում ներգրավել օտար փաստաբանների: Այս մասին հայտարարել է Իվանիշվիլիի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն:
Վերջին շրջանում Իվանիշվիլիի նկատմամբ տեղի է ունեցել երկու դատական գործընթաց: Նա մեղադրվել է մի շարք կոմերցիոն ընկերությունների ու ձեռնարկությունների ռեսուրսներն իր քաղաքական միավորման նախընտրական կամպանիայի համար օգտագործելու մեջ:
Պանջիկիձեի խոսքերով՝ մեկ շաբաթվա ընթացքում Իվանիշվիլին տուգանվեց երկու անգամ և խոշոր գումարով՝ թեպետ ապացույցներ չկան, որ Իվանիշվիլին կատարել է այդպիսի գործողություններ: Պանջիկձեն հավելել է, որ դատական գործընթացների ժամանակ իրենք ֆիքսել են բազմաթիվ խախտումներ և որոշել են գործում ներգրավել միջազգային փաստաբանների:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր Իվանիշվիլիի նկատմամբ Վրաստանի Վերահսկիչ պալատի հայցը՝ մեկ օորւմ Իվանիշվիլիին տուգանելով երկու անգամ՝ ընդհանուր 148,4 միլիոն լարի (91.1 միլիոն դոլար) գումարով: Դրա գլխավոր պատճառը Global TV ընկերության կողմից բնակչությանն արբանյակային ալեհավաքների տրամադրումն էր, ինչի համար Իվանիշվիլին տուգանվեց 126 միլիոն լարիով (մոտ 77.5 միլիոն դոլար):
Բացի այդ, Իվանիշվիլին 22.4 միլիոն լարի (մոտ 13.6 միլիոն դոլար) է տուգանվել «Բուրջի» ընկերության միջոցով «Վրացական երազանքին» սպասարկելու համար: Հունիսի 15-ին Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարեց Իվանիշվիլիի փաստաբանների ներկայացրած հայցը՝ սահմանված ողջ տուգանքը կրճատելով գրեթե կրկնակի անգամ՝ իջեցնելով մինչև 74,325,095 լարիի:









































