Քննական համակարգը հասել է մի տեղ, երբ հարցադրողներն ու քննություն հանձնողները լողում են անորոշության մեջ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հայոց լեզվի վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը՝ միաժամանակ ուրախություն հայտնելով, որ այս տարի թեստերի ու շտեմարանների մեջ հստակություն է մտել, կազմողները որոշակի բարեխղճություն էին դրսևորել:
«Սակայն այսօրվա դրությամբ շտեմարանները լիքն են անորոշություններով, ավելորդ հարցադրումներով: Շատ դեպքերում դիմորդները ստիպված են լինում մինչև մայիս ամսվա վերջին օրը վրիպակներ փնտրել և ճշտել շտեմարանների հատորներում:
Այնուամենայնիվ, այս տարվա քննություններն այնքան էլ վատ չանցան: Միակ մտահոգությունս այն է, որ ոչ թե մտածենք նոր շտեմարաններ հրատարակելու կամ դրանցում ամփոփված հարցերն ավելի խրթին դարձնելու մասին, այլ ավելի ուշադիր լինենք հարցերը կազմելիս:
Հարցն այն է, որ հարցադրումների մեջ պակաս բան շատ կա, հարցեր կազմողներն իրենք հաճախ վրիպակներ են թույլ տալիս: Ծրագիրն ու ուղեցույցը շատ դեպքերում շեղված են կամ երեխայից պահանջում են իմանալ մի վեպի ավարտը, որը նա պարտավոր էլ չէր կարդացած լինել»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ հայոց լեզվի դասախոս Սուսաննա Աբազյանն իր հերթին հավելեց, որ շտեմարանները կազմված են անխնամ կերպով:
«Այնինչ դրանք ստեղծողները պետք է պատվախնդրությամբ մոտենան այդ կարևոր գործին, որ վրիպակներ գրեթե չլինեն: Առհասարակ, շտեմարանները գնահատվում են երեք չափորոշիչներով՝ մատչելիություն, հուսալիություն, ստույգություն: Առայժմ դրանք միայն մատչելի են: Կարծում եմ՝ շտեմարանով պարապող երեխայի միտքը կաղապարվում է: Այն երեխային չի մղում աշխատանքի, պրպտուն մտքի: Ճիշտ է, ամբողջ աշխարհն է շտեմարաններով առաջնորդվում, սակայն դրանցում պետք է ավելի ստեղծագործ մոտեցում, դատողական տարր ներառել»,- ասաց նա:
Դասախոսի խոսքով՝ հայոց լեզվի ընդունելության քննություններից կտրվողների աննախադեպ մեծ թիվը ամոթի զգացում է ծնում: «Ամոթ է, հայ երեխան, այն էլ՝ կրկնուսույցի մոտ պարապող, գոնե պետք է նվազագույն՝ 8 բալ հավաքի»:









































