РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիան դիտարկում է եվրոպական XFEL ռենտգենյան լազերի նախագծին միանալու հնարավորությունը, որը Ռուսաստանի ու ևս եվրոպական 11 երկրների մասնակցությամբ կառուցվում է Համբուրգի մերձակայքում:
Ազատ էլեկտրոններով XFEL ապագա ռենտգենային լազերի արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ եվրո: Պլանավորված է այն շահագործման հանձնել 2015 թվականին և նախատեսված է մոլեկուլյար ու ատոմային մակարդակում նյութերի կառուցվածքի հետազոտման համար:
Ռենտգենյան լազերի կառուցումը մեկնարկել է 2010 թվականի հունիսի վերջին, իսկ այս տարվա հունիսի 8-ին ավարտվեց նախագծի ամենակարևոր փուլերից մեկը՝ 5.8 կիլոմետր ընդհանուր երկարությամբ թունելային համակարգի հորատումը:
Ազատ էլեկտրոններով XFEL ռենտգենային լազերը համատեղ կառուցում են 12 երկրներ՝ Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Ֆրանսիա, Շվեյցարիա և Շվեդիա: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1.1 միլիարդ եվրո, Ռուսաստանի մասնաբաժինը մոտ 250 միլիոն եվրո է: Այդ ցուցանիշով Ռուսաստանը զիջում է միայն Գերմանիային:










































