Գերմանիայի հետախուզության դաշնային ծառայության (BND) ղեկավար Գերհարդ Շինդլերը երկրի տնտեսական զարգացման և համագործակցության նախարար Դիրք Նիբելին մեղադրել է Գերմանիա աֆղանական գորգի տեղափոխման հարցի կապակցությամբ սուտ խոսելու համար: Այս մասի գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով BND զեկույցը, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ: Արտաքին հետախուզության պետի խոսքով՝ նախարարը և նրա գերատեսչությունը խոստացել էին իրենց վրա վերցնել գորգի տեղափոխման ժամանակ բոլոր ձևական կողմերը: Սակայն ինքը՝ Նիբելը, ավելի վաղ հայտարարել էր և շարունակում է պնդել, որ BND-ի հետ ոչ մի պայմանավորվածություն չի ունեցել, պարզապես հետախույզները համաձայնվել են օգնել իրեն:
BND-ն պնդում է, որ հետախույզները գորգը համարել են ոչ թե նախարարի անձնական գնումը, այլ աֆղանական կողմից նախարարին տրված պաշտոնական նվեր: Շինդլերի աշխատակիցը պնդում է, որ դա սկզբնապես հաստատել էին իրենց նախարարությունում: Հակառակ դեպքում հետախույզներն իրենց հետ չէին բերի նախարարի հուշանվերը:
Դիրք Նիբելը գորգը գնել էր մարտին Աֆղանստան կատարած այցի ժամանակ և այն թողել Քաբուլում Գերմանիայի դեսպանատանը: Մայիսի վերջին այն BND ղեկավարի ինքնաթիռով անվճար տեղափոխել էին Գերմանիա: Այսպիսով քաղաքական գործիչը խուսափել էր փոխադրամիջոցի համար վճարելուց և մաքսերից:
Միայն այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներին հայտնի դարձավ այս պատմության մասին, Նիբելը հարկ վճարելու հայտ ներկայացրեց: Արդյոք նախարարի այդ քայլը իրավախախտո՞ւմ է համարվում՝ այժմ դատախազությունը ստուգում է: Ընդդիմությունը պահանջում է հեռացնել նախարարին պաշտոնից, քանի որ նա անձնական նպատակներով չարաշահել է պաշտոնական դիրքը:









































