Գյումրիում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, մասնավորապես մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԲՀԿ թեկնածու Մարտուն Գրիգորյանի հաղթանակից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար, ըստ շրջանառվող լուրերի, լավ ժամանակներ չեն եկել: Չնայած մեզ հետ զրույցում Վարդան Ղուկասյանը ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն համարեց, որ այդպես ժողովրդին կարողացավ ԲՀԿ-ն ապակողմնորոշել, այնուամենայնիվ, քաղաքապետը չի տխրել ընտրությունների արդյունքներից, մանավանդ որ` 2000 ձայնի տարբերություն է եղել ԲՀԿ թեկնածուի համեմատությամբ: Սակայն խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ում նույնպես լրջորեն մտածում են՝ առաջադրե՞լ Վարդան Ղուկասյանին, թե՞ չառաջադրել:
Այսպես, թե այնպես, սեպտեմբերի 9-ին Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են, և արդեն շրջանառվում են գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի անունները: Վարդևան Գրիգորյանը, որն, ի դեպ, գերադասեց ռեկտորի պաշտոնը պատգամավորական աթոռից և դեռ շարունակում է ռեկտորի պաշտոնավարումը, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց շրջանառվող լուրերը, ասաց, որ իր առաջադրումը կախված է կուսակցության քաղխորհրդի որոշումից, իսկ եթե նման որոշում կայացվի, ինքն, իհարկե, կառաջադրվի: Հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է արդյոք, քաղխորհրդում այս օրերին այդ հարցը քննարկվո՞ւմ է, պատասխանեց, որ հանրապետությունից բացակայելու պատճառով հաստատ չի կարող ասել, բայց ինչքանով տեղյակ է, այդ հարցը քննարկումների փուլում է, և առաջիկայում արդեն պարզ կլինի որոշումը:
Հնարավո՞ր է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հաղթանակը տարածվի նաև քաղաքապետի ընտրությունների վրա, Վարդևան Գրիգորյանը նշեց, որ ժողովուրդն է վստահելու, ժողովուրդն է ընտրություն կատարելու, իսկ եթե ԲՀԿ-ն մասնակցեց ընտրություններին, ապա անպայման հաղթելու համար է մասնակցելու, բայց ամեն դեպքում ամեն ինչ պայմանավորված է ժողովրդի վստահության քվեով: ԲՀԿ նկատմամբ, ռեկտորի խոսքով, համակրանքը մեծ է, և Գյումրիում 44 տոկոս ձայները ԲՀԿ օգտին` հենց դրա վկայությունն են. «Սա խոսում է այն մասին, որ իսկապես ժողովուրդը համակրում է կուսակցությանը, և իհարկե, չեմ բացառում` նաև կուսակցության լիդերին: Իսկ տեղում այն անունները, որ շրջանառվում են քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար, ժողովրդի կողմից հեղինակություն են վայելում»,- նշեց ռեկտորը՝ նկատի ունենալով նաև Սամվել Բալասանյանին: Իսկ արդյոք Վարդան Ղուկասյանի վերընտրվելու հավանականությունը մե՞ծ է, Վարդևան Գրիգորյանը գերադասեց սպասել մինչև քաղխորհրդի նիստը, որից հետո նոր իր կարծիքը կհայտնի: Նա ընդգծեց, որ ի վերջո ընտրում է ժողովուրդը:
Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանն անակնկալի եկավ Վարդան Ղուկասյանի հնարավոր չառաջադրման լուրից. «Ինչպես ի սկզբանե ասել էինք և հիմա էլ պնդում, վերահաստատում ենք, Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է, իսկ մնացած խոսակցությունները անգամ չենք էլ լսել, և չգիտենք՝ դա որտեղից է գալիս»,- ասաց Լիլիթ Աղեկյանը՝ կատարյալ սուտ որակելով Վարդան Ղուկասյանի հնարավոր չառաջադրման լուրը. «Մենք վճռականությամբ մտնելու ենք ընտրապայքարի մեջ սեպտեմբերին, իսկ շրջանառության մեջ դրվածը շինծու խոսակցություն է»,- ասաց նա:
Վերջին ընտրություններին ՀՀԿ-ական թեկնածուի պարտությունը հնարավո՞ր է չառաջադրվելու հիմք հանդիսանա, Լիլիթ Աղեկյանը նշեց, որ Շիրակի մարզում հաղթել է, և եթե Գյումրիում ամեն ինչ նորմալ լիներ և նորմալ պայքար ընթանար, ՀՀԿ-ն ձայների տերը կլիներ, կստանար այն, ինչ կար, բայց քանի որ մամուլում շրջանառվող բազմաթիվ տեղեկություններ եղան, թե մրցակից կուսակցությունը ինչպես է աշխատել, դրա համար Գյումրիում պատկերը սա է:
Քաղաքապետի հաղթանակը որքանո՞վ է հնարավոր, երբ Գյումրիում շատ են դժգոհությունները քաղաքապետից, Լիլիթ Աղեկյանը նշեց, որ քաղաքապետը 14 տարի է ղեկավարում է Գյումրի քաղաքը և ընտրվում է ձայների բացահայտ մեծամասնությամբ, իսկ վերջին ընտրություններին հավաքել է 35.000 ձայն, ինչը նշանակում է` այս քաղաքապետը գյումրեցիների վստահությանն արժանացած քաղաքապետ է, և փաստ է, որ գյումրեցիները իրենց քաղաքի ղեկավարին պատահական չեն ընտրում. «Շատ լավ գիտեք գյումրեցիների բնավորությունը, շատ լավ գիտեք, որ նրանք թացն ու չորը, գործն անգործից տարբերել գիտեն, և Վարդան Ղուկասյանը ժողովրդական մարդ է, շրջեք քաղաքում և դուք կհամոզվեք` շինծու խոսակցություններ են, թե ոչ, նա այնքան գործ է արել քաղաքում, այնքան մնայուն, հիմնարար արժեքներ ստեղծել: Քաղաքապետին ժողովուրդն աջակցել է, և դրա վառ վկայությունը նախորդ ընտրությունների արդյունքներն են, նրա ասածն արած է, արածն էլ ասած է»,- եզրափակեց մամլո խոսնակը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանն իր առաջադրվելու մասին լուրերը չի հերքում: «Ժամանակը կգա, ու կորոշվի, բացառված չէ: Քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք»,- ասել էր պատգամավորը:
Մինչդեռ ՀՀԿ անդամ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, հակառակ շրջանառվող լուրերի, առաջիկա սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու:
Ինչևէ, թե ով կընտրվի քաղաքապետ` վաղ է ենթադրություն անելու համար, միայն կարևոր են իրական փոփոխություններ Գյումրիում` ոչ թե շքեղ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տեսքով, որ արտերկրի մեր հյուրերը անօթևան չմնան, այլ անօթևանների խնդրին լուծում տալու, գյումրեցու հացի խնդիրը թեթևացնելու առումով:







































