Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հարցով՝ Բաշար Ալ-Ասադի գործող վարչակարգն անվանելով մարդասպանների հավաքածու, որն իրավունք չունի շարունակել գոյությունը: Ֆրանսիայի նախարարի խոսքով՝ Փարիզը տեղեկություն ունի, որ սիրիական կանոնավոր զորքերը 8-9 տարեկան երեխաներին օգտագործել են որպես կենդանի վահաններ:
Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, Ֆաբիուսն ընդգծել է, որ Փարիզը բոլոր կողմերից պահանջում է կատարել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի կետերը, իսկ այն խախտողներին խիստ պատժամիջոցներ են սպասվում:
Մոտ ժամանակները Փարիզում տեղի կունենա «Փարիզի բարեկամներ» խմբի կոնֆերանսը, որին հրավիրվել են ավելի քան 140 երկրների ներկայացուցիչներ: Գագաթաժողովի գլխավոր նպատակը կլինի սիրիական ընդդիմության միավորումը: Նախարարի խոսքով՝ միջազգային հանրությունը պատրաստ է օգնել ընդդիմությանը՝ դառնալու «լեգիտիմ քաղաքական ուժ»:
Ֆաբիուսն անդրադարձել է նաև Սիրիայի հակամարտությանը Ռուսաստանի մասնակցության հարցին: Նա հայտնել է, որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի իր գործընկերների հետ, սակայն խոստովանել է, որ մի շարք հարցերով իրենք հակառակ դիրքորոշումներ ունեն: Օրինակ, նա մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ Սիրիայի հարցով կոնֆերանս անցկացնել Թեհրանում՝ նշելով, որ դրան դեմ են նաև Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:
Փորձագետները եզրակացնում են, որ Փարիզը և նրա դաշնակիցներն աստիճանաբար անցում են կատարում Սիրիայում դրության կարգավորման ուժային լուծմանը: Որպես դրա ապացույց՝ նրանք նշում են Ֆրանսիայի նախարարի այն խոսքերը, թե Ֆրանսիան չի բացառում Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի հաստատելու հավանականությունը: Մոսկվան, իր հերթին, կտրուկ դեմ է այդ տարբերակին: Նման ձևով Արևմուտքը չի կարողանա օդային գործողությունների իրավունք ստանալ ՄԱԿ-ի ԱԽ միջոցով:
Մյուս կողմից՝ ՄԱԿ-ն ինքն էլ գնալով ավելի շատ է հակվում ֆրանսիական սցենարին: Վերջին շրջանում ՄԱԿ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են գալիս Սիրիայում զանգվածային սպանություններին անհապաղ վերջ դնելու կոչերով:








































