News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում բացվել է ֆոտոցուցահանդես, որը պատմում է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) առաքելությունում վրացի զինծառայողների մասնակցության մասին, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ֆոտոնյութերում ներկայացված է Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների օրակարգը: Ցուցահանդեսի շնորհիվ այցելուներն ավելի շատ են իրազեկվում Աֆղանստանում վրացի խաղաղապահների առաքելության մասին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել մի շարք բարձրաստիճան այրեր:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ևս մեկ գումարտակ Աֆղանստան ուղարկելու նախաձեռնությունը։ Դրա արդյունքում այս տարի Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների քանակը կհասցվի 1600-ի, որով և Վրաստանը կլինի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում Աֆղանստանում ամենամեծ զինվորական համակազմ ունեցող երկիրը։










































