Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության երկրորդ տուրում c խմբում ուժերը չափեցին Իտալիայի և Խորվաթիայի ազգային հավաքականները:
Հանդիպման մեկնարկում խորվաթները ցույց տվեցին, որ չեն պատրաստվում ոչնչով զիջել ավելի բարձրակարգ մրցակցին: Խաղասկզբում վտանգավոր հարված կատարեց Մարիո Բալոտելին: 10-րդ րոպեին կարող էր գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ Մարկիզիոն, սակայն հարվածը փոքր-ինչ շեղ էր:
Սլավեն Բիլիչի սաները նույնպես ակտիվ էին: Վտանգավոր էին խորվաթների եզրային փոխանցումները: Պաշտպանները մեծ դժավարությամբ էին չեզոքացնում Նիկիցա Ելավիչին: 14-րդ րոպեին Բալոտելիի հարվածը դիպուկ ստացվեց, սակայն այն ետ մղեց Պլետիկոսան:
Իտալացիները, որոնք խաղում էին 3-5-2 մարտավարությամբ, ամբողջովին տիրել էին խաղադաշտի կենտրոնը, որն արագորեն հաղթահարում էին և հայտնվում մրցակցի տուգանայինի մատույցներում: Սակայն խորվաթները լուրջ բացթողումներ չէին ունենում, քանի որ իտալական աստղերին կենտրոնական հատվածում դիմակայում էին Լուկա Մոդրիչը, Օգնեն Վուկոևիչն ու Իվան Պերիշիչը:
Իտալացիների առաջին լուրջ գոլային պահը ստեղծվեց 36-րդ րոպեին, երբ Քրիստիան Մաջոյի երկու հարվածներից հետո երկու հրաշալի սեյվերի հեղինակ դարձավ Պլետիկոսան: Սակայն 1 րոպե անց Պիրլոյի իրացրած տուգանային հարվածից հետո անզոր էր նաև դարպասապահը. 1:0:
Երկրորդ խաղակեսում նույնպես թիմերը բարձր տեմպ էին հաղորդել խաղին: Խորվաթները չէին հուսալքվել և շարունակում էին պայքարել: 72-րդ րոպեին Մանջուկիչը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` խփելով իր երրորդ գոլն ընթացիկ մրցաշարում և այդ ցուցանիշով հավասարվելով լավագույն ռմբարկուներ Ալան Ձագոևին ու Մարիո Գոմեսին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:







































