Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում` կապված իր նախկին կնոջ` Սեգոլեն Ռուայալի, ու ներկայիս կողակցի` Վալերի Տրիերվեյլերի հետ:
Le Monde-ի հունիսի 14-ի համարի առաջին սյունակում սկանդալը բնորոշված է որպես «նորմալ նախագահի առաջին խնդիրներ»: Le Figaro-ն գրել է «պետության վերևներում խառնաշփոթի մասին»:
Հունիսի 12-ին Տրիերվեյլերն իր միկրոբլոգում գրել էր. «Հաջողություն Օլիվյե Ֆալորնիին, ով երբեք չի եղել անարժան, ով այսքան տարի անկեղծ ծառայել է Լա Ռոշելի բնակիչներին ու պայքարել նրանց հետ»:
Ֆալորնին, ինչպես և Ռուայալը Լա Ռոշել քաղաքից են և պայքարում են ֆրանսիական խորհրդարանում տեղի համար:
Առաջին փուլում Ռուայալը (ներկայացնում է սոցիալիստներին) անցել էր առաջ ձախ թևը ներկայացնող քաղաքական գործիչ Ֆալորնիից, ով ներկայացնում էր Divers gauche շարժումը:
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա կիրակի օրը` հունիսի 17ին:
Ռուայալը մեկնաբանել էր Օլանդի կողակցի հայտարարությունը միայն օրեր անց, քանի որ, իր խոսքերով, նրա հայտարարությունը եղել է «շատ դաժան»:
«Ես ինձ կատարելապես ջախջախված եմ զգում, ես ռոբոտ չեմ»,- Ռուայալի խոսքերը մեջբերում է Le Figaro.-ն:
Ինչպես նկատում է The Daily Telegraph-ը, Օլանդը, ով աշխատում է հեռու մնալ խորհրդարանական ընտրություններից, պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Ռուայալին:
Չճշտված տեղեկությունների համաձայն` Տրիերվեյլերը հենց այդ պատճառով է հաջողություն մաղթել Սեգոլենի մրցակցին:
.









































