Գերմանիայի ոստիկանությունը 7 դաշնային հողերում խոշոր գործողություն է իրականացրել սալաֆիների դեմ, գրում է dpa-ն: Հունիսի 14-ին շուրջ 1000 ոստիկան խուզարկություն է անցկացրել շաժման անդամների մոտ 70 բնակարանում և այն վայրերում, որտեղ նրանք սովորաբար հավաքվում են:
Գործողության ընթացքում նրանք նյութեր են հավաքել, որոնք կարող են օգտագործվել Գերմանիայում սալաֆիների գործունեությունն արգելելու համար: Գերմանիայի իշխանությունները կասկածում են, որ նրանք ծայրահեղ տրամադրված մուսուլմաններին բռնության են մղում և աջակցում են ահաբեկչական կազմակերպություննեին:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը արգելել է Զոլինգենից Millatu Ibrahim սալաֆիական խմբավորման գործողությունները՝ այն վտանգավոր համարելով Գերմանիայի սահմանադրության համար: Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել այդ խմբավորման հաստատություններում և առգրավել փաստաթղթեր ու թվային կրիչներ: Millatu Ibrahim-ը ստեղծվել է 2011թ. աշնանը և դրանում հաշվվում է 50 մարդ: Նրա մասնակիցներն աչքի են ընկել ոստիկանության հետ վեճերով:
Բացի այդ՝ ստուգումներ են անցկացվել Մանի Ֆրանկֆուրտի Dawa FFM և «Իրական կրոն» խմբավորումների հաստատություններում:
Գերմանիայի իշխանությունները սալաֆիզմի տարածումը չափազանց վտանգավոր են համարում երկրում: Անվտանգության մարմիններն առավել ակտիվ սկսեցին հետևել սալաֆիզմի ներկայացուցիչներին այն բանից հետո, երբ ռադիկալ իսլամիստ Արիդ Ուկան Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում սպանեց ամերիկացի մի զինվորի:











































