Ռուսական Аргументы Недели թերթում հրապարակվել է Յարոսլվա Վյատկինի «Լեռնային Ղարաբաղը պատերազմի շեմին» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Մի կողմից՝ Հայաստանի ու ԼՂՀ-ի, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի միջև հարաբերություններում նոր լարվածությունը ստիպում է մտածել շուտով նրանց միջև նոր պատերազմի սկսման մասին: Արդյոք այն կսկսվի՞ կամ տեղի կունենա՞ քիչ ավելի ուշ: Հունիսի 4-10-ը հայ-ադրբեջանական շփման գծում գրանցվեցին փոխհրաձգության մի շարք դեպքեր:
Այդ ամենը սկսվեց այն բանից հետո, երբ հայերը կանխեցին Ադրբեջանի կողմից հերթական հետախուզական դիվերսիոն հարձակումը: Դա նորույթ չէր. կողմերը մշտապես միմյանց մոտ են գործուղում հետախուզական խմբեր՝ պարզելու համար հակառակորդի ուժերի տեղաբաշխման փոփոխությունները, ինչն ավելի բնորոշ է ամռանը: Ապա փոխհրաձգություններն ուժեղացան և հանգեցրին երկու կողմից 14 զինծառայողի մահվան: Այս անգամ բախումները շատ ավելի լուրջ էին, քան սովորական դեպքերում:
Հարց է առաջանում, թե Ադրբեջանում ո՞ւմ է անհրաժեշտ ռևանշը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում շատերն են ռևանշի ձգտում: Օրինակ, պատերազմն անհրաժեշտ է զինվորականներին՝ արդարացնելու համար միլիարդավոր ծախսերը: Բացի այդ, պատերազմի ժամանակ կարելի է ավելի արագ կարիերա անել: Բնականաբար, հազիվ թե պատերազմել ցանկանում են ճակատում գտնվողները, սակայն բարձր շտաբերում նստածների դեպքում իրավիճակն այլ է:
Նոր պատերազմը կարող է անհրաժեշտ լինել նաև իշխանական կլաններին, այդ թվում նաև նրանց, ովքեր անբարյացակամ են տրամադրված ներկայիս ղեկավարության հանդեպ: Այդ մարդիկ լիովին կարող են հասկանալ, որ պատերազմը կարող է ավարտվել Ռուսաստանի միջամտությամբ և Բաքվի պարտությամբ: Ահա հենց այդ ժամանակ էլ կարելի է փորձել տապալել Ալիևի կլանը և բազմել նրա տեղը:
Պատերազմի կողմնակիցներ կան նաև բնակչության շրջանում: Եվ դա չի վերաբերում միայն Ղարաբաղից հեռացած փախստականներին, որոնք արդեն 20 տարի է, ինչ կա՛մ վերաբնակեցվել են նոր վայրերում, կա՛մ մեկնել են Ռուսաստան: Մարդկանց գիտակցության մեջ ուժեղ նստած է երկրի տարածքի 20 տոկոսը վերահսկող ատելի հայերի նկատմամբ ռևանշի հասնելու զգացումը:
Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ինչը կարող է տեղի ունենալ այս աշնանը կամ մյուս տարի, ապա գործին կարող է միջամտել Ռուսաստանը՝ պաշտպանելու համար ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի «բուն» տարածքը: Ռուսաստանը կարող է Ադրբեջանի նկատմամբ կիրառել նաև 2008 թվականի օգոստոսին փորձարկված «ուժով հարկադիր խաղաղություն» պարտադրելու բանաձևը: Ադրբեջանը ճկունություն չի դրսևորել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցում:
Սակայն կարելի է հույսեր կապել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմ չի սկսի, քանի որ փոխզիջման հանգելը կարող է տեղի ունենալ նաև առանց դրա: Ադրբեջանցի մի շարք գործիչներ ու փորձագետներ պատերազմի սկսման հարցում մեծ հույսեր են կապում Թուրքիայի հետ:
Նրանք հավատում են, որ ռազմական պայմանագրով իրենց հետ կապված թուրքերը իրադարձությունների զարգացման ցանկացած պարագայում կպաշտպանեն իրենց ադրբեջանցի եղբայրներին: Նրանք կարծում են, թե Թուրքիան զորեղ է և ոչ ոքից չի վախենում, որ Անկարան անպայմանորեն մի կողմ կդնի իր գործերը և կպաշտպանի Ադրբեջանին անգամ Ռուսաստանից, եթե վերջինս ներքաշված լինի ապագա հակամարտության մեջ:
Ադրբեջանում, սակայն, չեն հավատում, որ թուրքերը հիմար են և կսկսեն պատերազմել միջուկային գերտերության հետ, որն ունակ է իր տակտիկական միջուկային զենքով նրանց վերածել նեանդարթալցիների (երբ 1992-1993 թվականներին Թուրքիան Հայաստանի նկատմամբ ուժ գործադրելու սպառնալիքներ հնչեցրեց, Ռուսաստանն ի լուր աշխարհի հայտարարեց Թուրքիայի դեմ միջուկային զենք կիրառելու իր պատրաստակամության մասին – 1in.am): Բացի այդ, Ռուսաստանի հետ համագործակցությունը Թուրքիային շատ ավելի մեծ եկամուտներ է ապահովում, քան «եղբայրների» հետ բարեկամությունը:
Մի՞թե պատմության մեջ քիչ են եղել դեպքերը, երբ կողմերն անտեսել են կնքված պայմանագրերը: Թուրքերը հնգօրյա պատերազմից (2008) հետո ադրբեջանցիներին խորհուրդ են տվել մոռանալ հանուն Ղարաբաղի պատերազմի մասին»:







































