Իրանն արագացրել է ատոմային զենքի ստեղծման գործընթացը: Նման հայտարարություն է արել Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Մոշե Յաալոնը: Նա նշել է, որ եթե Իսրայելն ընտրության առաջ կանգնի՝ Իրանի միջուկային ռումբը, թե այդ երկրի վրա հարձակումը, ապա կնախընտրի երկրորդ տարբերակը:
ԻՆչպես հաղորդում է իսրայելական Kursor պորտալը, ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի նախկին ղեկավարի խոսքերով՝ եթե Իրանը ռազմավարական որոշում կայացնի, ապա արդեն առաջիկա կես տարում կկարողանա ստեղծել առաջին «կեղտոտ» ռումբը, իսկ մեկ տարի անց կունենա բավական քանակությամբ ուրան՝ 6-7 ատոմային ռումբ ստեղծելու համար:
Յաալոնը նաև նշել է, որ արդյունավետ չի համարում արևմտյան երկրների կողմից Իրանի վրա գործադրվող տնտեսական ճնշումը:
Նշենք, որ երեկ ԱՄՆ ԿՀՎ գեներալ Դևիդ Պետրեուսը հայտարարել էր, որ մոտ հեռանկարում Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա: Նրա խոսքերով՝ առնվազն մինչև տարվա վերջ նման գործողություններ չեն լինի:









































