Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարին նշանակելու հարցում ելակետային է, թե որքանով է տվյալ թեկնածուն իր քաղաքական կամ անհատական մոտեցումներում անաչառ, անկողմնակալ, որոնք են այն կողմնորոշիչները, որոնց վրա ԱՄՆ–ը կառուցելու է իր արտաքին քաղաքականությունն Ադրբեջանում և առհասարակ տարածաշրջանում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ չորեքշաբթի օրն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսելու է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան հաստատելու հարցը:
«Բնական է, որ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը չի կարող անտարբեր լինել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նշանակման առնչությամբ: Այս և մի շարք հարցերի պատասխաններ կհստականան Սենատի համապատասխան հանձնաժողովի քննարկման ընթացքում։ Եվ կարծում եմ համապատասխան ընթացակարգի արդյունքում էլ Հայ Դատի գրասենյակը կձևակերպի և կհնչեցնի իր մոտեցումը»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Նախկին խորհրդարանականի խոսքերով՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի տխրահռչակ նախադեպը եկավ ապացուցելու, որ Հայ Դատի գրասենյակի մտահոգություն-առարկությունները վերջինիս առնչությամբ հիմնավոր էին։ «Կարծում եմ թե՛ նախադեպը, թե՛ ԱՄՆ-ում քաղաքացիական ինստիտուտների դերակատարության հանգամանքը թույլ կտան համակողմանի քննարկման արդյունքում ընդունելի լուծումների հանգել։ Իսկ մինչ այդ սպասենք լսումներին»,- ամփոփեց նա:









































