«Եվրո 2012» առաջնությունը կարող է ուկրաինական իշխանության համար խայտառակություն դառնալ: Նման կարծիք հայտնել է Freedom House-ի ղեկավար Դեյվիդ Քրեյմերը: Голос Америки-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «Եվրոպայի ֆուտբոլի առաջնության տանտեր լինելը Ուկրաինայի համար պետք է հպարտություն լիներ»: Սակայն, ինչպես հայտարարել է նա, մարդիկ հարց են տալիս, թե «ինչո՞ւ է առաջնությունն անցկացվում Ուկրաինայում, երբ երկրում կան քաղբանտարկյալներ, ռասիզմի դրսևորումներ»:
«Տվյալ իրավիճակում «Եվրո-2012»-ն Ուկրաինայի համար խայտառակության վերածվելու պոտենցիալ ունի»,- ասել է Քրեյմերը:
Freedom House-ի նախագահի կարծիքով՝ երկրի ներկայիս ղեկավարությունն ունակ չէ և չի ուզում լուծել առկա խնդիրները, ինչպես նաև չի հարգում քաղաքացիների հիմնարար ազատությունները:
Նա հայտարարել է, որ չնայած «քաղաքացիական հասարակության ակտիվությունը ճնշելու կառավարության փորձերին», ուկրաինական քաղաքացիական հասարակությունն ուժ է հավաքում: Քրեյմերի կարծիքով՝ քաղաքացիական հասարակությունը դուրս է եկել «պասիվ վիճակից և դա չափազանց դրական զարգացում է»:
«Այն, ինչը տեղի է ունենում Ուկրաինայում, չափազանց կարևոր է Ռուսաստանի համար և՝ հակառակը: Երկու երկրներում էլ գործում է մի վարչակարգ, որը չի հարգում մարդու հիմնարար ազատությունները, հետապնդում է ընդդիմությանը, ձերբակալում է ընդդիմության առաջնորդներին: Այդ առումով մենք շատ ընդհանրություններ ենք տեսնում, սակայն ես հույս ունեմ, որ Ուկրաինան Ռուսաստանի մակարդակին չի ընկնի»,- ասել է Freedom House-ի ղեկավարը:











































