«Քննական շրջանը, ընդհանրապես, հուզական իրավիճակների դրսևորման շրջան է, բոլոր դեպքերում հսկայական հոգեկան ներուժ է պահանջում: Սրան գումարվում է նաև այն երևույթը, որ ստեղծված իրավիճակն անծանոթ է դիմորդին, ինչպե՞ս կանցնի, ի՞նչ կպահանջեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հ.գ.թ., դոցենտ, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետ, հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Նա նշեց, որ ստեղծված քննական իրավիճակը դիմորդների շրջանում կրկնակի սթրեսի պատճառ է դառնում, բարձրանում է տագնապայնությունը, երբեմն դժվարանում են կարգավորել հոգեվիճակը, կենտրոնանալ ուսման վրա. «Դրա համար տարբեր առիթներով առաջարկել եմ մինչև քննության գնալը ջազ լսել, ինչո՞ւ, որովհետև ջազը միշտ հնարավորություն է տալիս վերջակետ չդնել կյանքի տարբեր փոփոխությունների վրա: Լինում է, որ անհաջողության են մատնվում, հետո կյանքը կարծեք թե ավարտուն է համարվում շրջանավարտի համար»:
Նա խորհուրդ տվեց նաև պարապելու արանքում լսել Մոցարտ, զբոսնել: Սակայն հոգեբանն ասաց, որ անհատական առանձահատկություններով պայմանավորված՝ տարբեր դիմորդներ տարբեր կերպ են հարմարվում քննական շրջանին: Այստեղ կարևորը ոչ միայն գիտելիքն է, այլև այն, թե որքանով է անձը կարողանում կարգավորել իր հոգեվիճակը, որպեսզի կենտրոնացած կարողանա հանձնել քննությունը. «Մեզանում շատ են հետաքրքրվում բարեկամները, ընկերները, տեսնես որտե՞ղ է ընդունվում, ի՞նչ ստացավ: Սա առաջացնում է լրացուցիչ լարվածություն, հոգեբանական տերմինով ասած՝ «հուզական այրում», երբ ուզում ես լավ անի, այնքան ես մտածում, լարվում, որ հուզականորեն այրվում ես»:
Նման դեպքերում առաջանում է հոգնածություն, լարվածություն: Հոգեբանը նշեց նաև, որ քննության գնալուց առաջ անհրաժեշտ է «որոշակի ուժերի ներքին ժողովում, որոշակի հուզականություն, բայց ոչ այնպես, որ դիմորդը ընկնի սթրեսների մեջ»:











































