Երեխաների զանգվածային սպանությունների և այլ կոպիտ խախտումների առնչությամբ ՄԱԿ ԱԽ–ն պետք է սիրիական իշխանության դեմ զինամթերքի մատակարարման, ինչպես նաև ակտիվների սառեցման պատժամիջոցներ սահմանի: Այս մասին, ինչպես գրում է rosbalt.ru-ն, նշվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:
Իրավապաշտպանների խոսքերով՝ զինված հակամարտության պայմաններում երեխաների դրության մասին ԱԽ գլխավոր քարտուղարի այսօրվա զեկույցում նշվում է սիրիական բանակի, հատուկ ծառայությունների կողմից երեխաների հանդեպ բռնությունների մասին: Բացի այդ, փաստաթղթում նշվում է ընդդիմության զինված խմբավորումների կողմից երեխաների հավաքագրման մասին, այդ թվում՝ նաև Ազատ սիրիական բանակում:
Սրա առնչությամբ HRW–ն սիրիական ընդդիմության առաջնորդներին կոչ է անում անհապաղ դադարեցնել մանկահասակ զինվորներին զինված բախումներում օգտագործելը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր դրա հետ կապ ունեն:
«Երեխաները չափազանց թանկ գին են վճարում Սիրիայի ռազմական հակամարտության պատճառով: Գլխավոր քարտուղարի զեկույցը ԱԽ-ի կողմից պատասխան պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության լրացուցիչ ապացույց է»,- հայտարարել է HRW–ի երեխաների իրավունքների հարցերով տնօրեն Ջո Բեքքերը:
Բացի այդ «Խախտումների գրանցման կենտրոն»-ի տեղեկության համաձայն՝ 2011 թ. փետրվարից Սիրիայում զոհվել է առնվազն 1176 երեխա: ՄԱԿ տվյալներով՝ մայիսի 25-ին Հուլայում տեղի ունեցած սպանդի ժամանակ 108 զոհերից 49-ը երեխաներ են եղել:











































