Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվում է վճարել երկրի ընտրական օրենսգրքի խախտման համար սահմանված 148.6 միլիոն լարի (91.5 միլիոն դոլար) տուգանքը: Այս մասին հայտարարել է Իվանիշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան:
Վերջինիս խոսքերով՝ Իվանիշվիլին հրաժարվել է տուգանքի վճարումից՝ դա պատճառաբանելով իշխանությունների ապօրինություններին չմասնակցելու ցանկությամբ: Այդ տուգանքն Իվանիշվիլիի վրա հունիսի 11-ին սահմանել է Թբիլիսիի քաղաքային դատարանը: Վերջինս դիտարկել է Իվանիշվիլիի նկատմամբ Վերահսկիչ պալատի ներկայացրած երկու հայցերը և երկու դեպքերում իր որոշումը կայացրել է հօգուտ այդ գերատեսչության:
Forbes-ը 2012 թվականի դրությամբ Իվանիշվիլիի կարողությունը գնահատել է 6.4 միլիարդ դոլար:







































