ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Քուվեյթի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամության խումբը, որի ղեկավարն է Արայիկ Հովհաննսիյանը:
Դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցել է Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ահմեդ ալ-Սաադունի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև պաշտոնական այցի հրավերը Քուվեյթ` նշելով, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը: Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդին ընդգծել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ գործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով և նշել, որ իր առաքելությունն է լինելու հնարավորինս նպաստել հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպանի համոզմամբ` միջպետական հարաբերությունների խորացման առումով կարևոր նշանակություն ունի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս:











































