Ոստիկանության Շիրակի մարզի վարչության և Ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունների հիման վրա քիչ առաջ Ոստիկանության Գյումրիի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին Գյումրու քաղաքի բնակիչ 32-ամյա Գառնիկ Գրիգորյանն է:
Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ հունիսի 10-ին. Ժ. 19-ի սահմաններում Գ. Գրիգորյանը մի քանի ընկերների հետ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին վիճաբանության մեջ է մտել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ոստիկանությունը արդեն պարզել է որոշ հանգամանքներ և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վիճաբանության մյուս մասնակիցներին:
Նշենք, որ երկու օր առաջ Aravot.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որի համաձայն Գյումրիում համառորեն խոսակցություններ են պտտվում, որ նախօրեին կրակել էին Գյումրու ավագանու երիտասարդ անդամներից մեկի` Անդրանիկ Խաչատրյանի վրա:
Վերջինս, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի փեսան է, և աշխատեցնում է Սարգսյան ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկը`«Պեգաս» խանութը, որը գտնվում է Տերյան փողոցում`աներոջ տան մոտ:
Aravot.am-ը Սարգսյանից հետաքրքրվել էր, թե որքա՞ն են իրականությանը համապատասխանում այդ լուրերը, ինչի կապակցությամբ վերջինս զարմացել է` հարցնելով. «ո՞ւմ վրա, իմ փեսայի՞, էս քաղաքում ինչ ասես չեն տարածում, ավելորդ խոսակցություններ են»: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան նաև փոխանցել էր, որ իր փեսան այդ պահին կողքին նստած է, ու պատրաստվում է աղջկա հետ թատրոն գնալ:
Aravot.am-ը նաև գրել էր, որ Շիրակի մարզի քննչական բաժնից կայքին տեղեկացրել էին, որ եթե կրակոց հնչեր, ապա դեպքի վայր անպայման քննիչ կկանչեին, քանի որ դա ինքնին լուրջ միջադեպ է:









































