Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի համար ԵԱՀԿ-ի ակտիվացումն ունի կենսական նշանակություն: Այս մասին Վրաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն՝ ընդգծելով, որ Գիլմորի վրացական այցը շատ ժամանակին է.
«Վրաստանը մշտապես հայտարարել է և շարունակելու է դա անել, որ Վրաստանի համար ԵԱՀԿ-ի ակտիվացումն ունի կենսական կարևորություն: Անհրաժեշտ է ԵԱՀԿ առաքելության լայնամասշտաբ վերականգնում, ինչպես նաև, որ այդ կազմակերպությունը մասնակցի Վրաստանի ընթացիկ գործընթացներին:
Ես չեմ խոսում միայն քաղաքական գործընթացների մասին: Դա վերաբերում է նաև տնտեսությանը, բարեփոխումներին, ժողովրդավարությանը, մշակույթին և այլն, ինչով և ժամանակին զբաղվել է առաքելությունը»:
Գիլմորն իր հերթին ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելությունը վերադարձնելու ուղղությամբ: Նա հավելել է, որ դեռ չի կարող ոչինչ խոստանալ, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են:
Նշվում է, որ Վրաստանից ԵԱՀԿ-ի առաքելությունը հետ է կանչվել Ռուսաստանի պահանջով, որը շրջափակել է 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունից հետո Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության գործելու հարցը:











































