Այս գիշեր Իտալիայի հյուսիսում՝ Էմիլիա Ռոմանիա շրջանում, 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարպի քաղաքից ոչ հեռու՝ 10.8 կմ խորության վրա:
Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, երկրաշարժը զգացել են Էմիլիա Ռոմանիայի մի շարք շրջաններում, ինչպես նաև Վենետիկում, Ֆլորենցիայում և Տրեվիզոյում: Ականատեսները պատմել են, որ ստորգետնյա ցնցումներն իրարանցում են առաջացրել որոշ վրանային ճամբարներում, որոնք ձևավորվել են Էմիլիա-Ռոմանիայում մայիսի 20-ը և 29-ը տեղի ունեցած երկրաշարժից հետո:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ գիշերային ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները հայտնել են, որ սեյսմիկ ակտիվություն է նկատվում ոչ միայն երկրի հյուսիսում, այլև ամբողջ տարածքում: Միայն վերջին օրերին գրանցվել է տարբեր ուժգնությամբ շուրջ 100 ցնցում:









































