Դոլար-դրամ փոխարժեքի ներկայիս փոփոխությունները օգտակար են ներկրողների համար, այստեղ ապրողները դրա ազդեցությունը դեռ չեն զգում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը՝ դա բացատրելով նրանով, որ մենաշնորհները «սանձերու տակ են դրված», վերահսկվում են և մեծ տուգանքներ են նշանակվում խախտումների դեպքում:
Գործարարն անձամբ խանութ է գնում և ապրանքներ ձեռք բերում, և, ըստ նրա, գները գրեթե նույնն են մնացել, քանի որ մենաշնորհներին հսկում են. «Կարծեմ ադիկա է, որ գները վայրկյանական չեն բարձրանում: Եթե դոլարը նույնչափ մնա, գները կբարձրանան»:
Վ. Հովնանյանի կարծիքով՝ Եվրոպայի՝ Հունաստանի, Իտալիայի դժվարությունների ազդեցությամբ է դոլարի թանկացումը տեղի ունենում, և արհեստական բան չկա, նաև կապ չկա ընտրությունների հետ, որոնցից անմիջապես հետո փոխարժեքը սկսեց բարձրանալ:
Գյումրիում Հովնանյանի քարի բիզնեսը, նրա խոսքով, ներկայում այնքան էլ շահավետ չէ, և միայն դոլարի 480-490 դրամ փոխարժեքի դեպքում այն շահավետ կլինի:
Գործարարը գոհունակություն հայտնեց նաև կառավարության կազմից, որ արդեն մեծ մասամբ որոշակիացել է, և մի ցանկություն հայտնեց. «Հետապնդեն մենաշնորհները, վերահսկեն: Եթե մի քիչ բացեն դռները, և այլ մարդիկ կարողանան նույնպես ներկրել, լավ կըլլա»:
Վ. Հովնանյանի խոսքով՝ անշարժ գույքն է էժանացել, քանի որ ժողովուրդ չի մնացել երկրում, բիզնեսը տուժում է: «Դա ցավ է ինձ համար, քանի որ ժողովուրդն է դրամը ծախսողը: Այս տարին ամենադժվար տարին է, հաճախորդները ուզում են տուն առնել, բայց ֆինանս չունեն: Արտասահմանցիները՝ Սիրիայից, Իրանից փախչողները, Եգիպտոսից մի քանի ընտանիքներ հաստատված են, նրանք են, որ որոշ շարժ են ապահովում»,- ասաց Վ. Հովնանյանը՝ հայտնելով, որ իրեն պատկանող առանձնատների 63%-ը վաճառում են տեղացիներին, 37%-ը՝ արտասահմանցիներին:
Նա նաև ողջունեց մարդկանց ազատ տեղաշարժվելու ազատությունը և դրանով պայմանավորեց, որ ներկայում ավելի շատ են մեկնում արտասահման՝ աշխատելու. «Վախը չկա դուրս գնալու, ազատ, անկախ ենք: Դա ժողովրդավարություն է, ընտրության ազատություն: Այստեղ գործ չկա, պարապ նստելու փոխարեն՝ գոնե գնան դրսում աշխատեն: Պանդխտությունը մեր երգերու մեջն է, հայը միշտ պանդուխտ եղած է»:
Ամեն դեպքում, գործարարի գնահատականով, ներդրումային միջավայրը Հայաստանում այնքան էլ չի փոխվել. «Կանոնները քիչ մը դժվար են, տաքսերը (հարկերը) քիչ մը ավելի ճոխ են կառավարության կողմից»,- հայտարարեց Վ. Հովնանյանը և արդարացում գտավ դրա համար՝ երկիրը պաշտպանելու համար հսկա գումար է հարկավոր ծախսել:
Ասուլիսի վերջում Հովնանյանը վստահեցրեց, որ իր եկամուտները պահում է դրամով և կապիտալը չի արտահանում. «Ամեն կոպեկ այստեղ ենք պահում»:
Հիշեցնենք. դեռ անցած տարի Հովնանյանը հայտարարել էր, որ ցանկացել է ցորեն ցանել, սակայն իրեն «բարեկամաբար» խորհուրդ են տվել այդ բիզնեսից հեռու մնալ, հակառակ դեպքում արտերը կայրեն:







































