Ամերիկյան Chrysler կորպորացիան հայտարարել է շուկայից հավելյալ 137 հազար Jeep մեքենաների հետկանչման որոշման մասին: Այսպիսով՝ հետ կանչված մեքենաների թիվը կհասնի 410 հազարի:
Ինչպես հայտարարել է Ճանապարհային երթևեկության անվտանգության ԱՄՆ ազգային վարչությունը, հետկանչման են ենթարկվում 2006 և 2007 թվականների արտադրության Jeep Liberty մակնիշի ավտոմեքենաները: Մարտին հաղորդվել էր 2004 և 2005 թթ արտադրության մեքենաների հետկանչման մասին:
Ինչպես պարզվել է, շատ երկրներում ճանապարհների սառցակալման դեմ կիրառվող աղը, հայտնվելով հետևի սռնիի դետալների մեջ, կոռոզիա է առաջացնում, ինչի հետևանքով վարորդը կարող է կորցնել կառավարումը: Դա մեծացնում է վթարների հավանականությունը:
Chrysler-ը, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է իտալական Fiat կոնցեռնին, նշում է, որ դեռևս հայտնի չեն վերը նշված պատճառով վթարի դեպքեր: Թերությունները կվերացվեն անվճար: Հետ կանչված մեքենաներից 347 հազարը ԱՄՆ-ի շուկայում են, 45 հազարը՝ Կանադայի, իսկ 17,6 հազարը՝ Եվրոպայի:











































