Apple-ի բջջային սարքերի և Mac համակարգիչների խաղային, կրթական և գրաֆիկական հավելվածները դարձել են Apple Design Awards ամենամյա մրցանակի դափնեկիրներ: Այս մասին հայտնում է The MacWorld տեխնոբլոգը:
Apple Design Awards մրցանակը շնորհվում է 1997 թվականից: Տրվում է հայտնի հավելվածների հեղինակներին, որոնց մշակողները կողմնակի անձինք են: Տեխնոլոգիական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում անցկացվող Ծրագրավորողների համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, որը Apple-ի նախաձեռնությամբ անցկացվում է հունիսի 11-15-ը:
Այս տարի մրցանակը շնորհվել է 4 անվանակարգերում՝ iPhone-ի հավելված, iPad-ի հավելված, Mac-ի հավելված, և լավագույն ծրագրեր՝ ստեղծված ուսանողների կողմից:
iPhone-ի ծրագրերից հաղթել է Disney ընկերության Where is My Water խաղը և Halfbrick ստուդիայի Jetpack Joyride-ը: Այս անվանակարգում հաղթող է դարձել նաև ԱՄՆ ազգային պարկերի բջջային գիդը՝ National Geographic Society-ի ներկայացրած National Parks հավելվածը:
iPad-ի լավագույն հավելվածներ են համարվել Fifty Three-ի ներկայացրած Paper ծրագիրը, որը թույլ է տալիս ստեղծել նկարներ, նախագծեր և դիագրամներ: Դափնեկիր է նաև GameCollage-ի՝ մանկական կրթական ինտերակտիվ Bobo Explores Light գիրքը և Fingerlab-ի The Drum Machine խաղը:
Mac համակարգիչների լավագույն հավելված Apple-ը ճանաչել է Feral Interactive ընկերության ներկայացրած Deus Ex: Human Revolution խաղը, Bohemian Coding-ի պրոֆեսիոնալ գրաֆիկական Sketch հավելվածն ու Playdead Aps-ի Limbo խաղը:
Ուսանող ծրագրավորողների ներկայացրած հավելվածներից մրցանակի են արժանացել iPad-ի համար նախատեսված DaWindci խաղը և iPad-ի ինտերակտիվ մանկական Little Star գիրքը:
Հաղթողների հավելվածները հասանելի են Apple App Store և Mac App Store օնլայն խանութում: Ծրագրերի մեծ մասը վճարովի են:
Հաղթողները ստանում են MacBook Air նոր նոթբուք, երրորդ սերնդի iPad պլանշետ, iPod նվագարկիչ և ընկերության տարբերանշանով ու խորանարդի տեսքով խորհրդանշական մրցանակ:
Նշենք, որ Apple –ը շահույթի 70 տոկոսը տրամադրում է «կողմնակի» ծրագրավորողներին:







































