«Նախազգուշական միջոցների տագնապ» է հայտարարվել Գվատեմալայում՝ Ֆուեգո հրաբխի նկատելի ակտիվացման հետ կապված, որը տեղակայված է երկրի մայրաքաղաքից 50 կմ հարավ: Ինչպես այսօր հայտարարել են Գվատեմալայի ներկայացուցիչները, հրաբխի խառնարանից արդեն մի քանի անգամ պայթյունի ձայներ են լսվել և մոխրի ամպեր են բարձրացել, որոնք հասել են 1.5 կմ բարձրության:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումն առավելագույն պատրաստվածության վիճակում է գյուղերի բնակչության շտապ տարհանման անհրաժեշտության դեպքում գործի անցնելու համար: Դեռ մարդկանց համար վտանգի սպառնալիք չկա, սակայն գիտնականները չեն բացառում, որ հրաբխի ակտիվությունն առաջիկա օրերին կարող է մեծանալ:
Ֆուեգոն, որի բարձրությունը 3.7 հզ. մետր է, պարբերաբար իր մասին հիշեցնում է շիկացած գազերի և մոխրի արտանետումներով: Երբեմն նրանից լավա է դուրս գալիս: Գվատեմալայի մայրաքաղաքի օդանավակայանի ղեկավարությունը բազմիցս ստիպված է եղել հետաձգել չվերթները՝ հրաբխի արտանետումների պատճառով:











































