Ռուսաստանի արտգործնախարարությունը հունիսի 11-ին հերքել է այն տեղեկությունները, որ Լիբիայում ձերբակալված Միջազգային քրեական դատարանի աշխատակիցների մեջ կան ՌԴ քաղաքացիներ: Այդ տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանության մեջ նշվում է, որ Հոլանդիայում ՌԴ-ի նախկին դեսպան Ալեքսանդր Խոդակովը չի ձերբակալվել, այլ գտնվում է Զինտան քաղաքում՝ իր կամքով:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացուն լիբիացիները ոչ մի մեղադրանք չեն ներկայացրել: Նա ինքն է որոշում կայացրել իր գործընկերների հետ միասին մնալ Զինտանում»,- ասվում է փաստաթղթում:
Ռուսական ԱԳՆ-ում նաև մանրամասնել են, որ ձերբակալված են ՄՔԴ-ի երկու աշխատակիցներ` ավստրալիացի փաստաբան Մելինդա Թեյլորը և նրա հետ այնտեղ գտնվող թարգմանչուհի, Լիբանանի քաղաքացի Հելեն Ասսաֆը: Երկուսին էլ ազատությունից զրկել են այն բանից հետո, երբ նրանք փորձել են Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին փոխանցել որոշ փաստաթղթեր, որոնք կասկածելի են թվացել:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մյուս երկրների հետ միասին ջանքեր չի խնայում Զինտանում մնացած դիվանագետներին դուրս բերելու համար:





































