Երևանի և Իտալիայի քաղաքների միջև համագործակցության հնարավոր ուղիների ակտիվացման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հանդիպման ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշել է, որ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ և սիրով է իրականացնում իր դիվանագիտական առաքելությունը: Ի պատասխան դեսպանի խոսքերի, Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ և իտալացի ժողովուրդների միջև նմանություններ շատ կան` ինչպես մշակութային ավանդույթների, այնպես էլ բնակիչների ջերմ ու սիրալիր վերաբերմունքի առումով: Համագործակցությունն էլ ավելի նպատակային դարձնելու համար, երկուստեք կարևորվել է ակտիվացնել հարաբերությունները Երևանի քույր քաղաք հռչակված իտալական Կարարա քաղաքի հետ: ՙՄենք փորձելու ենք որոշակի որակ և գործնական հագեցածություն տալ երկկողմ համագործակցությանը, ինչը թույլ կտա օգտակար լինել մեկը մյուսին՚,- նշել է քաղաքապետը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարևոր է նաև իտալացի ճարտարապետների և դիզայներների մասնակցությունը քաղաքապետարանի նոր նախաձեռնություններին:
Երևանի քաղաքապետարան