Ինչպես գրում է բրիտանական The Daily Telegraph օրաթերթը` հղում անելով Wikileaks-ի կողմից հրապարակված փաստաթղթին, 2007թ. Չինաստանն ու ԱՄՆ-ն մի քանի անգամ հայտնվել են պատերազմի շեմին:
Դրա համար պատճառ են հանդիսացել Չինաստանի կողմից տիեզերական սպառազինությունների մրցավազք սկսելու ծրագրերը: 2007թ. հունվարին Չինաստանին հաջողվել է 850 կմ բարձրության վրա վերացնել իր իսկ օդերևութաբանական արբանյակը:
The Daily Telegraph-ը գրում է, որ ԱՄՆ դիմել է Չինաստանին` զերծ մնալ նման փորձարկումներից, իսկ 2008թ-ին նոտա է հղել Պեկինին` հայտնելով, որ բալիստիկ հրթիռի փորձարկումը տիեզերքում վտանգում է արբանյակները, որոնք գտնվում են երկրագնդի ուղեծրում: Հատկապես դա վերաբերում է անվտանգության նպատակներով ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից օգտագործվող արբանյակներին:
Չնայած զգուշացումներին` 2008թ.-ին ԱՄՆ-ն ինքն է նման փորձարկում արել` շարքից հանելով ամերիկյան արբանյակը, որը նույնպես գտնվում էր ուղեծրում: Սրանից հետո սկսվել են ամերիկա-չինական բանակցություններ, որտեղ Չինաստանը շեշտել է ամերիկյան տիեզերական ծրագրի հարձակվողական բնույթը: Սրանից հետո Չինաստանը շարունակել է տիեզերք հրթիռներ ուղարկել և փորձարկել դրանք:









































