ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 23-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնել Ալբանիային:
Քննարկումների հիմնական թեմաներն են եղել ԵԽ քաղաքականությունը հարևան տարածաշրջանների հանդեպ, ինչպես նաև մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և ԵԽ բարեփոխումներին առնչվող հարցերը:
Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և, օրակարգային հարցերին անդրադառնալուց բացի, մտահոգություն հայտնել ԵԽ որոշ անդամ երկրներում այլատյացության և մասնավորապես ատելության քարոզչության հաճախակիացող դեպքերի առնչությամբ, որոնք, ցավոք, երբեմն պայմանավորված են քաղաքական շարժառիթներով և այդ առնչությամբ կոչ արեց Եվրոպայի խորհրդին և անդամ երկրներին հետևողական քայլեր ձեռնարկել նման դրսևորումները բացառելու և դատապարտելու ուղղությամբ:
Նախարարների կոմիտեի հաջորդ 123-րդ նստաշրջանը տեղի կունենա 2013թ. մայիսի 16-ին, որի ընթացքում Նախարարների Կոմիտեի նախագահությունը կստանձնի Հայաստանը: