ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը հայաստանյան պատվիրակության համար արդյունավետ է եղել այն առումով, որ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը նշանակվել է ԵԽԽՎ տնտեսական հանձնաժողովի նախագահ:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում կատարված այս և այլ իրադարձությունները ամփոփելով` Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ գոհ է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության աշխատանքից.
«Այո, ես գոհ եմ, բայց դա չի նշանակում, որ շատ գոհ եմ: Միշտ ասել եմ, որ երբ շատ գոհ ես, ուրեմն ժամանակն է, որ դու հրաժարվես քո պաշտոնից, քանի որ այլևս անելիք չես տեսնում: Պատվիրակությունը միշտ էլ իր աշխատանքները բարելավելու տեղ ունի»:
Հարությունյանը համաձայն չէր այն տեսակետի հետ, թե ԵԽ մեկնելը որևէ օգուտ չի տալիս պետությանը և իզուր փողերի վատնում է:
Նա պատվիրակության բոլոր՝ թե՛ հիմնական, թե՛ փոխարինող կազմի անդամների աշխատանքը կարևոր է համարում: Հարությունյանի գնահատմամբ, ամեն նստաշրջանի հայաստանյան պատվիրակությունը էլ ավելի ակտիվ և որակապես նոր աշխատանքով է ներկայանում:
Հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է պետբյուջեից պատվիրակության անդամների վրա ծախսվող գումարների չափը, Հարությունյանն արձագանքեց. «Իհարկե արդարացված է: Մենք չենք կարող խուսափել ԵԽԽՎ-ում ներկայացված լինելուց»:










































