Այսօրվանից ռուս սահմանապահները թույլ չեն տալու Աբխազիա մուտք գործել այն անձանց, ովքեր կլինեն ԽՍՀՄ անձնագրերով: Այս մասին տեղեկացնում է РИА-Новости-ն՝ հղում անելով ՌԴ սահմանապահ ծառայության սևծովյան վարչության լրատվական ծառայությանը: Նշվում է, որ նոր կարգը կիրառվում է ըստ ՌԴ և Աբխազիայի միջև նախկինում կնքված համաձայնության: Ադլերի անցակետով Աբխազիա մտնող անձանց միայն 2 տոկոսն է ԽՍՀՄ անձնագրերով, հետևաբար ռուս սահմանապահները սահմանի ապօրինի հատումների դեպքերի զգալի աճ չեն կանխատեսում: Աբխազիայի բնակչության ճնշող մեծամասնությունն ունի ՌԴ և աբխազական անձնագրեր, սակայն վերջինով հնարավոր է մուտք գործել միայն այն երկրներ, որոնք ճանաչել են երկրամասի անկախությունը` Ռուսաստան, Վենեսուելա, Նիկարագուա և Նաուրու: