2010 թ. Հայաստանի ՀՆԱ աճը շատ ավելի փոքր էր (2.6%), քան թե Վրաստանի (6%) ու Ադրբեջանի (5%) պարագաներում: Արդյոք սա չի՞ խոսում մեր կառավարության կողմից վարվող անարդյունավետ տնտեսական քաղաքականության մասին`հարցը ուղղեցինք ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանին:
«Ցուցանիշների նման տարբերությունը Անդրկովկասյան երկրների միջև դեռևս ոչինչ չի ասում այս կամ այն կառավարության շատ արդյունավետ կամ ոչ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ»,- պատասխանեց Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա` «Ադրբեջանը ունի մեծ պահանջարկ ներկայացնող արժեքավոր հումք», որի շնորհիվ էլ կարող է ապահովել ՀՆԱ ավելի մեծ աճի տոկոս:
«Իսկ Վրաստանը այլ երկրի միջոցով ավելի ճոխ, ավելի մեծ գործեր է կազմակերպում, որը ևս նպաստում է, որ նրա ՀՆԱ-ն ավելի մեծ տոկոսով աճի: Խոսքը ԱՄՆ-ի մասին է: Ես կարող եմ թեկուզ հղում կատարել նախկին նախագահ Շևարդնաձեի խոսքերին, որն ասել էր, որ եթե մի օր բացակայի ամերիկյան օգնությունը, Վրաստանը կարող է հայտնվել շատ ծանր իրավիճակում»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Նրա խոսքով, չունենալով նավթ և կրելով ճգնաժամի ծանր ազդեցությունը` մենք կարողացանք ՀՆԱ-ի նախատեսված 1.2% աճի փոխարեն, 2.6%-ի աճ ապահովել:
«Սա ես նվաճում եմ համարում»,- նշեց պատգամավորը:








































