Մայիսի 9-ին Կնեսետում «Մեր տունն Իսրայելն է» խմբակցության բաց նիստում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է. «Մենք երբեք չենք ձգտել արտահերթ ընտրությունների և հենց սկզբից «Մեր տունն Իսրայելն է», «Լիկուդ» ու «Կադիմ» կուսակցություններին առաջարկել ենք կոալիցիա կազմել, որը կարող է գոյատևել մինչև 2013 թ. նոյեմբերը: Ու չնայած մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների, առավել օպտիմալ ժամկետն է 2013 թ. հոկտեմբերի 22-ը»։ Այս մասին հայտնում է mignews.com կայքը:
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ նոր կոալիցիային սպասվում է երկու կարևոր քննություն` «Համընդհանուր զինծառայության կամ այլընտրանքային ծառայության մասին» օրենքը ու Ուլպանա թաղամասի խնդիրների լուծումը:
«Չնայելով պաղեստինցի արաբների պնդումներին՝ Ուլպանի բնակիչները, որոնք միանգամայն օրինական կերպով ձեռք են բերել այս շրջանում բնակարաններ, իրավունք ունեն արդարացի որոշման: Մենք չենք համաձայնի ժամկետների ձգձգմանը: Պետք է մշակվի լուրջ օրինագիծ, որը կկարգավորի Գիվատ-Ուլպանի կարգավիճակը»,- ասել է Լիբերմանը:








































