«Լևոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու Հայ ազգային կոնգրեսը չունի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է շարունակելու մնալ քաղաքականության մեջ և արդյոք 2013-ի նախագահական ընտրություններում կառաջադրի՞ իր թեկնածությունը:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, մայիսի 8-ի հանրահավաքում տեղեկացնելով պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, միաժամանակ հայտարարել էր, որ դա ամենեւին չի նշանակում քաղաքական գործունեությունը դադարեցնել։
«Գիտեք ինչ, նա շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, եւ եթե դուք ինձ հարցնեք՝ ով է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ես կարծում եմ, որ այդ հարցն անվիճելի է Հայ ազգային կոնգրեսի ներսում», – «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Լևոն Զուրաբյանը` հավելելով. – «Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել անվիճելի հեղինակություն, և ավելի լավ թեկնածու մենք չունենք»:









































