«Կարծում ենք՝ արդեն ոչ մեկին գաղտնիք չէ, թե իշխանությունն ինչպիսի հնարքներ գործադրեց ընտրությունները «ազատ, արդար և թափանցիկ» անցկացնելու համար:
Ամեն նոր ընտրություն իր հետ բերում է խարդախության նոր հնարքներ: Նման գործելաոճը հատուկ է հատկապես կազինոյում աշխատող խարդախ դիլերներին»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Ի՞նչ անել, երբ ինքը՝ իշխանությունն է ստիպում, որ քաղաքացին իրեն զգա ոչ թե նորմալ երկրում, այլ՝ կազինոյում: Ամեն անգամ, երբ ընտրություններից հետո պարզվում է, թե ինչպիսի խարդախ հնարքներով են հաղթել ժողովրդին, ընտրական օրենսգրքում ձևական փոփոխություններ են կատարվում, դրա հետ մեկտեղ` խարդախ դիլերները մշակում են նոր սցենարներ: Փաստը մնում է փաստ, որ այս անգամ էլ ժողովուրդն իր խաղադրույքը կորցրեց և թևաթափ, պարտված դուրս եկավ «Հայաստան» անունը կրող խաղատնից»:










































