Այսօր Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սարիբեկ Սուքիասյանը հայտարարություն էր տարածել՝ ցավ հայտնելով, որ «ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ոչնչացված են իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմները: Իշխանական ներկա համակարգը նաև ցույց տվեց, որ շարունակում է Սուքիասյան ընտանիքի անդամների քաղաքական հետապնդումը և ընտրողների իրավունքները ոտնահարելով, հենց ինքն է ընտրելու քաղաքացիների ապագան:
Ընտրություններում ես չեմ պարտվել, «հաղթել են» ընդամենը պետության վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսները, կատարելության հասցված կեղծիքների և անվավերների մեխանիզմը»,-մասնավորապես ասված է Սարիբեկ Սուքիասյանի հայտարարության մեջ:
Այս հայտարարությանն ի պատասխան, թիվ 10 ընտրատարածքում պատգամավոր ընտրված «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը տարածել է հետևյալ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է.
«Նախ պետք է ասեմ, որ մենք մինչև անգամ այս պահը չենք անցել քաղաքակիրթ պահվածքի և վարվելակերպի սահմանները, և դա թե նախընտրական, թե ընտրությունների թեժ պահին էլ այդպես է եղել: Ինչ վերաբերում է նախկին մրցակցիս հայտարարությանը, ապա ես պատրաստ էի ու պատրաստ եմ պայքարել քաղաքական հետապնդման, ընտրողների իրավունքների ոտնահարման, պետության կողմից վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսների օգտագործման, կեղծիքների և անվավերների մեխանիզմի դեմ, եթե ներկայացվեն վերը նշվածը հաստատող փաստեր: Հաշվի առնելով հրապարակայնորեն ներկայացվող մեղադրանքների լրջությունը` ես պատրաստակամություն եմ հայտնում փաստերի առկայության դեպքում իր հետ միասին պայքարել և պատժել մեղավորներին»,-ասված է Գարեգին Նուշիկյանի հայտարարության մեջ:









































