Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 15-ին երկրի նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո չէր ցանկանա տեղափոխվել Ելիսեյան պալատ, քանի որ ավելի ազատ է իրեն զգում փարիզյան իր բնակարանում: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ լրագրողներին:
Իր բնակարանից ոչ հեռու` Փարիզի 15-րդ շրջանի Բոգրենել թաղամասի ռեստորանում ճաշելուց հետո Օլանդը զրուցել է թաղամասի իր հարևանների ու լրագրողների հետ: Նա կրկնել է, որ փորձելու է լինել «նորմալ, հասարակ նախագահ»` կերպար, որի մասին ինքն անընդհատ շեշտում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Ինձ համար լավ կլինի այստեղ գտնվել. ես արդեն 5 տարի բնակվում եմ այս շրջանում, ես ունեմ իմ սովորույթները…»,- ասել է Օլանդը:
Նա նկատել է, որ իրեն անծանոթ են Ելիսեյան պալատում կյանքի պայմանները: «Այստեղ (15-րդ շրջանում) ես տանն եմ, ինչպես Տյուլեում: Միշտ էլ լավ է նորմալ կյանքով ապրելը: Իհարկե, կան անվտանգության կանոններ, սակայն ես կցանկանայի ազատ լինել այնքան, որքան դա հնարավոր է»,- ասել է Օլանդը` սեղմելով հարևանների ձեռքերը:
Քաղաքացիներից մեկը կանգնեցրել էր Ֆրանսիայի նորընտիր նախագահի մեքենան, ու նա զրուցել էր հարևանի հետ ու երկար սեղմել նրա ձեռքը:
Օլանդը սիրում է ինքնուրույն կատարել գնումներ` նախընտրելով օգտվել ոչ մեծ մասնավոր խանութներից: Հանգստյան օրերին նա սիրում է զբոսնել Տյուլեի շուկայում կամ Փարիզի փողոցներում՝ իր սիրած կնոջ` Վալերի Տրիերվեյլերի հետ:










































